Գլխավոր Ավելին

Պենկոստի համախտանիշի ճիշտ ախտորոշման և բուժման շնորհիվ պացիենտը լիովին առողջացել է

57-ամյա տղամարդը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության կլինիկա՝ գանգատվելով ձախ թիակի, ուսի, պարանոցի ձախ կեսի ցավերից և պարանոցի շարժումների սահմանափակվածությունից, որն արդեն մեկ ամիս է՝ առկա է։

Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՇ) քննությամբ հայտնաբերվել է ձախ թոքի գագաթի պերիֆերիկ նորագոյացություն, որը ներաճում է աորտայի աղեղի հետին հատված՝ առանց լուսանցքի դեֆորմացիայի։

Հաշվի առնելով ասեղային բիոպսիայի բարձր ռիսկայնությունը տվյալ հատվածում՝ պացիենտին ցուցվել է դիագնոստիկ թորակոտոմիա։

Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Հովհաննես Սարկավագյանի գլխավորությամբ, բժիշկ Հարություն Մարգարյանի մասնակցությամբ, անեսթեզիոլոգ Սասուն Ղազարյան, իրականացվել է վիրահատություն։ Թոքի ախտահարված հատվածը հեռացվել է ատիպիկ մասնահատմամբ։

Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, իսկ պաթոհյուսվածաբանական քննությամբ հայտնաբերվել է՝ օրգանիզացվող թոքաբորբ և միկրոթարախակույտեր։

Այսպիսով՝ պացիենտի մոտ առկա էր Պենկոստի համախտանիշ, որը սովորաբար դիտվում է թոքի գագաթի քաղցկեղի կրծքավանդակի պատից դուրս աճի դեպքում. Սակայն տվյալ դեպքում այն ուներ ոչ ուռուցքային ծագում։

Պենկոստի համախտանիշի ուռուցքային և ոչ ուռուցքային ծագումը տարբերակելը բարդ է՝ անգամ ասեղային բիոպսիայի տվյալներ ունենալու պարագայում:

Դեպքերի մեծ մասում Պենկոստի համախտանիշն ունի ուռուցքային ծագում, իսկ տվյալ պացիենտի դեպքը բացառիկ էր, քանի որ համախտանիշը պայմանավորված էր թոքի քրոնիկ ինֆեկցիոն թարախային պրոցեսով։

 Ոչ ուռուցքային հիմքով Պենկոստի համախտանիշի ճիշտ ախտորոշման և բուժման շնորհիվ պացիենտը լիովին առողջացել է։

×
facebook sharing button facebook